ԱՆԿՈՉԸ

    Author: Thavré Genre:
    Rating


    «Այսօրվա համար բավական է, - ականջներումս հնչեց Անկոչի ծանոթ ձայնը: - Վերադառնալուդ ժամանակն է…» :
    Հավաքածս գունավոր ավազաքարերը լցրեցի գրպանս ու նստելով չարչրկված «Պեժոյիս» ղեկին, հեռացա լճափից:
    Քիչ անց արդեն տանն էի: Ինչպես միշտ`Անկոչը ներսի կողմից կողպել էր սառնարանի դուռը… Թակեցի: Բացեց: Բերածս քարերը խնամքով տեղավորեցի սառնարանում եղածների կողքին ու հոգնած մարմինս նետեցի բազմոցի վրա: Կիրակիս ավարտվեց…
      
    Աշխատանքային օրերին պարտադիր սափրվում էի, ինձ պատշաճ տեսքի բերում ու նոր միայն`տնից դուրս գալիս: Այդ կերպ ես ջանք չէի խնայում վրայիցս թաքցնել այն փաստը, որ արդեն մեկ տարուց ավել է Անկոչը հայտնվել էր իմ կյանքում…
    Ամեն օր, ողջունելով իմ առջև հիմնարկի դուռը բացող դռնապահին, թիկունքով որսում էի նրա պատասխան ողջույնը, քիչ առաջանում, ապա շրջվում ու հարցնում.
    - Փոփոխություն կա՞, ինչպե՞ս է ձեր պառավը…
    - Նա ողջ գիշեր փսխում էր, մսյո: Այս գիշեր աչք չեմ փակել, - մեկ տարի շարունակ նույն պատասխանն էր տալիս դռնապահը և այդ ընթացքում անձեռոցիկով սրբում բերանի շուրջը: - Մահը խռովել է պառավիցս…
    Այնուհետև` մի քանի աստիճան վեր էի բարձրանում, ոտք դնում երկար միջանցքի ծայրին ու նկատում աշխատասենյակիս շեմը թրջոցով սրբող հավաքարարուհուն: Նա իմ ճանաչած բոլոր կանանցից ամենափարթամն էր… Հավասարվում էի նրան, գերի հանձնվող զինվորի պես երկու թևերս օդ բարձրացնում ու իբր զգուշանալով ոտքերիս տակ թաց հատակը տրորելուց, մեղավոր տոնով մրմնջում.
    - Մադամ, ձեր չարչարանքը ջուրը թափեցի, ներեցեք…
    - Անհանգստանալու կարիք չկա, մսյո, - արհեստական ժպիտով արձագանքում էր հավաքարարուհին, - ամենևին դժվար չէ, նորից կմաքրեմ:
    Բանալին դռան անցքը մտցնելուս ընթացքում, մեղքս քաված լինելու համար` քաղաքավարությունից դրդված որևէ հարց էի տալիս.
    - Ձեր թոռնիկը… ասում էիք պետք է դպրոց ընդունվի. ընդունվե՞ց:
    - Օ՜, այո´: Տեսնել էր պետք, թե ո՜նց է փքվել: Հետը խոսել չէր լինում, իրեն մեծ մարդ էր երևակայում…
    Մինչ հավաքարարուհին կչկչոցով շաղակրատում էր, բացում էի աշխատասենյակիս դուռը և խոսքը դեռ նրա բերանին` ներս թափանցում: Տեսնելով գրասեղանիս վրայի թղթերի կույտը, սարսափով մտածում էի. «Նախորդ օրը Անկոչն այստեղ ջանք չի խնայել ամեն ինչ տակնուվրա անելու համար… Չէ՜, կարգ ու կանոն հաստատելու համար շտապ պետք է քարտուղարուհի գտնել…» :

    Հաջորդ կիրակի, քանի դեռ օրերը տաք էին, կրկին որոշեցի լճափ գնալ: Դեռևս անկողնու մեջ, պառկածս տեղից հեռուստացույց միացրի: Եղանակի տեսությունն էր… Երբ հաղորդավարուհու փոխարեն էկրանին հայտնվեց Անկոչը, հեռուստացույցն անջատեցի:
    Թողնելով, որ սուրճս հովանա, մտա լոգասենյակ: Հայելու միջից ինձ նայեց հայկական քթով խոժոռ մի դեմք… Սեղմեցի ատամի մածուկի սրվակը: Առանձնապես չզարմացա, երբ սրվակից դուրս ցցվեց Անկոչի լպրծուն ու երկարավուն դեմքը: Նա ամենուրեք էր: Ազատվել էր պետք նրանից…
    Ավտոտնակ մտնելով հայտնաբերեցի, որ «Պեժոյիս» անվադողը փսկել է: Հեծնեցի անդավաճան հեծանիվս և քիչ անց արդեն լիճ տանող ճանապարհին էի:
    Հեծանիվս անաղմուկ առաջ էր ընթանում, իսկ ես քթիս տակ մրմնջալով, մեկը մյուսի ետևից վճիռներ էի կայացնում.
    - Երբ վերադառնամ`սառնարանս ազատելու եմ ավազաքարե-րից… Անկողնուս գլխավերևից հեռացնելու եմ Մունկի «Ճիչ»-ը… Սրանից հետո`երկու, երեք օրը մեկ եմ սափրվելու…
    Քիչ անց, վերջին ասֆալտապատ ոլորանը շրջանցելուց հետո` թեթև սահքով մոտեցա լճի դատարկ լողափին: Կեսօրին այստեղ ասեղ գցելու տեղ չէր լինելու հանգստացողների հոսքից: Հիմա` ես առաջինն էի ու թողնելով հեծանիվս, քայլեցի ընդհուպ մինչև լիճը:
    - Ես վերադառնում եմ… - հանկարծ ճչացի ես ու գրպանիցս հանելով ատամի մածուկի սրվակում բանտարկված Անկոչին, նետեցի լճի ամենահեռավոր խորքերը:  
                                                                                                              

    - ԹԱՎՐԵ.
                                                                                                            

    Leave a Reply