ԱՀՆ ու ՄԻԱԿ ԱՋԸ

    Author: Thavré Genre:
    Rating















    Հինգ տարվա մեջ, այն օրից,
    Երբ թաթիցն էր զրկվել`.
    Հա´մ չարքերն էին հալածել,
    Հա´մ ջղերն էին քայքայվել…
    Երկիր խուժած հորդայի,
    Նվաճողի դեմ մարտում,
    Կենաց ու մահ պայքարում,
    Ձիուց ընկած թշնամին`
    Թրով զարկեց իր թևին,
    Բայց պատասխան հարվածից`
    Գլխից զրկվեց նույն պահին
    Ձախ դաստակը կապելուց,
    Հենց աչքն ընկավ իր թաթին`
    Ցավն այլևս դադարեց.
    Ահը սիրտը ներխուժեց

    Այդ պահին էր, մեկ այլ տեղ`
    Քաջք ու չարքեր ժողովվել,
    Իրենց գործերն էին քննում
    Նրանց միջի փորձառուն`
    Անփորձներին էր կրթում.
    Բացատրում էր, թե ինչպես`
    Մարդուց հյութերը քամել,
    Ինչպես` անդորրը փախցնել,
    Ինչպես` միտքը աղճատել,
    Ոնց աննկատ մոտենալ`
    Բախտն ու կյանքը հարամել…

    …Թաթը կորցրած օրվանից,
    Մայրը ձախ թևն էր դարձել,
    Բայց, երբ հոգին ավանդեց`
    Ասես աջ թևը կտրեց…
    …Հիմա`ուսին մեծ խուրջին,
    Մոր շիրիմին էր եկել,
    Թումբը թարմ էր ու դեռ թաց,
    Ծունկը խրվեց, երբ դրեց…
    Շուտով արևը թեքվեց,
    Բայց թիկնոցը վեր քաշած`
    Մտքով մոր հետ էր տարված…
    Չոր, անարցունք, անմռունչ,
    Աղոթք արեց ու հետո`
    Ընդարմացած մարմինը,
    Բոբիկ թաթերին հանեց…
    Առողջ, ջահել հասակում,
    Երբ չարքից չէր հալածվում,
    Արագածի կնճռում,
    Կիրճերի մեջ, քարայրում,
    Հաճախ գնում ու քնում`
    Աշխարհից էր պատնեշվում…
    Հիմա, կռնատ ու կորված,
    Կրկին ունայնից հոգնած`
    Բոբիկ քայլերն ուղղեց,
    Դեպի քարայրը թախծած…
    Խուրջինը լի էր կաշվով,
    Իր մշակած նյութերով,
    Սև թանաքի փոշիով,
    Որդան կարմիր, փետուրով,
    Ճրագ, ճոպան, ասեղով,
    Աղ ու մեղր, կայծքարով
    Չէր մոռացել` թանկ կապը,
    Մոր հավաքած չոր բույսերի,
    Հազ ու ջերմի տրցակը,
    Մեկ էլ նաև` մոր թողած,
    Բայց իր կողմից անտեսված,
    Կտակարան խունացած…
    Մայրն էր եկել երազին.
    -Մարմնին բույսն է սպեղանի,
    Հոգուն` գի´րքը բալասան…

    Ուշ էր, քարայր երբ հասավ,
    Խարխափելով ներս մտավ,
    Խուրջինն ուսից ցած դրեց,
    Ճրագ վառեց, պտտվեց
    Չղչիկները վերևում`
    Հրմշտվեցին խուճապով,
    Հետո` քիչ-քիչ խաղաղված,
    Տեղ տվեցին նորեկին
    Մինչ իր տեղը որոշեց`
    Խույս չտվեց, թաթախվեց,
    Մկան ծերտի կույտերում
    Փալաս փռեց ու պառկեց,
    Հոգնած կոպերը փակեց,
    Սակայն` քունը հարամվեց.
    Ծանոթ չարքը հայտնվեց,
    Խմբով դեմը պար բռնեց,
    Քունքի տակին հռհռաց,
    Զորքն հավաքեց ու գնաց:
    Բայց`… թողել էր քարայրում,
    Քրքջոցն իր զրնգուն
    Պառկած տեղում նստելով,
    Ականջները շփելով`
    Խեղճը ահով շշնջաց.
    -Այս ծակում էլ չպրծա՞,
    Անիծյալը ո՞նց գտավ

    Չարքն այդտեղից, իր զորքով`
    Սուրաց մոր մոտ, խորհրդի
    Մերը բնում մենակ չէր.
    Հյուր էին մոգն ու կախարդը,
    Հմուտ դավի գիտակը,
    Թուղթ ու գրի վարպետը,
    Ուրվականն ու այլ դևեր
    Մերը հարցը բերանին`
    Մոտեցավ իր ձագերին.
    -Գտա՞ք հերկած ձեր արտը,
    Ծարավ կտրող աղբյուրը,
    Թե՞` ապտա´կ տամ ամենքիդ:
    -Ա´յ մեր, նախքան կխոսենք`
    Ցամա´ք է մեր կոկորդը:
    -Հայտնի չէ դեռ, ձեր խոսքը`
    Արժանի՞ է գովեստի
    Հյուրերն հանկարծ մեջ ընկան.
    -Մե´ղք են ծարավ խոխեքը:
    Մերն ամոթից կակըղեց.
    -Լա´վ, լա´վ, չասեք ժլատ եմ,
    Ի՞նչ կխմեք, ա´յ խոխեք
    Հյուրերն էլի մեջ ընկան.
    -Ես` կխմեի օշարակ,
    Խանձած բուրդ ու բմբուլով:
    -Իսկ ես` կուզեի սառույցով,
    Աղի արցունք մի գավաթ:
    -Ես էլ` լեղին եռացրած,
    Դառը ջրով լի բաժակ:
    Մերը նայեց ճտերին.
    -Դե հիմա էլ` դուք ասեք,
    Ի՞նչ կխմեք, ա´յ փիչխեք
    -Փունջ ենք ուզում, մի շաղախ`
    Մզած նյարդ ու ջղերից
    Պատվերը հենց կատարվեց,
    Ավագ չարքը շարադրեց.
    -Ա´յ մեր, մարդն այն, որ փախավ`
    Մութ քարայրում բռնացրինք,
    Շա՜տ խռով է իր կյանքից,
    Բեզարած է աշխարհից,
    Ի´սկը համեղ պատառ է,
    Բայց` նյարդ ու ջիղ դեռ հում է,
    Գալուց առաջ, որ եփվի`
    Քնի միջին վախացրինք,
    Գլխից քունը թռցրինք,
    Հիմա` քարին, բվի պես,
    Ողջ գիշերը կթառի

    Կռնատը չէր ընկճվում.
    Հոգին թեկուզ խռովված,
    Բայց մտքի մեջ բան դրած,
    Սառն աղբյուրով լվացվում,
    Հոսող ջրի հետ խոսում`
    Հետո աղոթք էր անում
    Անամպ ու չոր օրերին,
    Փեշով չիր-միրգ էր կրում,
    Պոպոկ, պնդուկ հավաքում,
    Բերում, դիզում անկյունում`
    Ձմռան պաշարն էր հոգում
    Քանի օրերն էլ տաք էին,
    Հարթ սալերին փռելով`
    Կաշին նորից էր հղկում
    Կտակարանն արտագրելուց,
    Երեսին խաչ էր քաշում,
    Ասես` ամրոց էր մտնում,
    Ու պաշտպանված չարքերից,
    Գլխատառերն էր նախշում
    Լուսանցքի գիծ քաշելուց էլ,
    Եռանդուն խաչակնքվում`
    Ու գիծն ուղիղ էր քաշում
    Որքան շատ էր արտագրում`
    Այնքան ձեռքը չէր դողում,
    Արտագրածն էլ, երբ կարդում`
    Միտքը պայծառ էր գործում
    Համբերությամբ ու սիրով,
    Սուր դանակով կտրատում,
    Ծաղկած էջը հարդարում,
    Թել-ասեղով պինդ կարում`
    Հետո խոր քուն էր մտնում
    Ծիրանի խեժը եփում,
    Վայրի մեղրին էր խառնում,
    Կպչուն հեղուկը չափով`
    Գրքի կազմին էր քսում,
    Հետո, արդեն ոսկեկար`
    Շապիկ-գոտին էր քաշում…

    Արդեն երկու գիրք կազմել,
    Կաշվե փաթեթը դրել,
    Վրան ճրագը հալել`
    Ժայռի ծերպերն էր խցկել,
    Իջել, գետից քար ջոկել,
    Բերել, ծեծել ու մաղել.
    Եվ այնպես էր սվաղել`
    Որ քողարկած ճեղքերը,
    Փնտրել էր, ու չէր գտել…

    Ձմեռն անցավ, բայց մի փեշ`
    Չարազ էր դեռ խնայել…
    Երրորդ գիրքն էլ, երբ պրծավ`
    Ծերպը դրեց ու ծեփեց.
    Ժայռը զրկվեց ճեղքերից,
    Ու միաձույլ տեսք ըհդունեց:
    …Գոհ արածից`լուռ ծնկեց,
    Աջն ու կռնատը պարզեց,
    Ասես` գլխին լույս թափվեց,
    Զորությու´ն հոգին խուժեց…
    Ու… բազմելով քար-բարձին`
    Ի´նքը կանչեց չարքերին.
    -Դե` ճիվաղնե´ր, հիմի եկեք…

    Խուճուճ չարքերն ընկճված,
    Սասանված ու սարսափած`
    Նրա առաջ թափվեցին…
    Սրանց կույտին նայելով`
    Չուզե´ց ճզմել կրունկով,
    Կամ էլ` այրել հայացքով,
    Խոսքով ջարդեց.
    -Խավար միտքն է ահ ծնում,
    Ահն էլ` մարդ է հիվանդացնում,
    Գիտե՜ք, ուր եք վարն անում,
    Հիվանդ նյարդն է ձեզ սնում:
    Իսկ ահն ի՞նչ է
    Դա մատ ծակող փշի ցավից,
    Մինչև մահվան հանդեպ վախն է,
    Այս աշխարհով վերջանալու,
    Անհայտ, անտեր հավերժի մեջ`
    Դեգերելու վախն է ահը…
    Ահ քշելու ձևն էլ` սա´ է.
    Խավար մտքում ճրագ վառել,
    Ականջից էլ մի օղ կախել,
    Այսինքն թե`.
    – Ահը փուչ է, այս աշխարհով
    Չի´ վերջանում մարդու կյանքը:
    Մինչ ձեզ ջնջեմ` սա էլ ասեմ,
    Դատարկ հոգի եք փնտրում,
    Խրախճանքն այնտեղ եք սարքում:
    Լա՜վ եք սերտել. բնությունը`
    Դատարկություն չի հանդուրժում,
    Մարդու հոգին, ինչպես սափոր,
    Եթե լի´ չէ, անբնակ է,
    Դուք եք լցվում, տնավորվում…
    Ինչպես համայն տիեզերքում,
    Այնպես էլ մեր հոգիներում`
    Չի´ դատարկվում առանց լցվել,
    Ոչ մի անկյուն, ոչ մի սափոր.
    Ջրիս թասն էլ, ահա´ անջուր`
    Բերնեբերան լի է օդով
    Կամ ջուր, կամ օդ
    Ջուրը թասից հեշտ է թափվում,
    Օ´դն է դժվար դուրս մղվում.
    Օդն այնտեղից դուրս մղելու,
    Միակ ձևը` ջուր լցնելն է,
    Ու սափորից նեխահոտը,
    Չարքի շունչը դուրս մղելու
    Ձևը` սա´ է.
    - Հոգուդ դուռը սուրբ հավատքին,
    Բանալին էլ, բռիդ միջին,
    Էլ սափորում տեղ կմնա՞
    Չարք ու դևին
    Դե` այսքանը, հիմի զորքով`
    Ի չի´ք դարձեք ողջ ոհմակով:

    Leave a Reply