Հայ - Թանկա

    Author: Thavré Genre:
    Rating

    -ԹԱՎՐԵ.



















    1... ԲԱՆԶԱՅ   ԹԱՆԿԱ 

    Կենդանական նախասկզբում,
    Էությանս խոպան հողում,
    Խավարի գիրկ, իմ մութ ծոցում,
    Լույսի հատիկ, մա՜րդ սերմանվեց,
    Բայց` գազանը ընձյուղ տվեց…


    2... ՀԱՐԲԱԾ    ԹԱՆԿԱ 

    Ինչպես միշտ`
    Աղբյուրի ծորակը բաց էր...
    Գառները վաղու՜ց պիտի եկած,
    Ցեխաջրերին պտտոր խառնած
    Ու հեռացած լինեին...
    Սակայն` հովիվը հարբած,
    Մասրենու շվաքում խոր քուն էր մտած:


    3... ԽԱՂ   ԹԱՆԿԱ

    Դա խաղ էր,
    Քուռակը կտրուկ կանգնեց.
    Նա հետևում էր, թե ինչպես`
    Բաշն աչքերն է լցվում ու…
    Խրխինջը խառնում էր զեփյուռին:


    4... ԴԱՌԸ   ԹԱՆԿԱ

    Սատանեն կուրծք էր տալիս ճտին
    Ու հետևում լանջին արածող եզանը…

    Երբ եզն անսպասելի տրճիկ տվեց`
    Պտուկը ճտի բերնում էր,
    Մատը եզան քամակում…

    5... ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ   ԹԱՆԿԱ

    Դաշտամուկը դա հաշվարկել էր.
    Բվերն այդ ժամին, քնած են լինում:

    Բայց` գրո´ղը տանի,
    Բվերից մեկը,
    Անքնությա՜մբ էր տառապում…

    6... ՏԽՈւՐ   ԹԱՆԿԱ

    Երբ որսը հեռացավ ձվադրելու`
    Սափրվելու և թատրոնի համար,
    Վերջապես,
    Ժամանակ առաջացավ...
    Բայց` նա,
    Վերցրեց ու մահացավ...

                           
    7... ԱՆԴՐԱՇԽԱՐՀԻԿ   ԹԱՆԿԱ

    Երբ քավարանի գոյության մասին լուրերը հերքվեն`
    Դժոխքի առաջ հերթը կշարվի,
    Զեղջված գներով տոմս կվաճառվի
    Ու տոմսից բացի, որպես վրադիր`
    Դրախտահավի մի շաքարարձան նվեր կտրվի:


    8... ԱՆՍԱՆՁ   ԹԱՆԿԱ

    Լավ ձիուն անսանձ, լոկ շանթն է մտրակ,
    Մրրիկն է հեծյալ, գավակին բազմած,
    Մրցակից նրան, յուր բաշն է բոցված,
    Ու սմբակի տակ աստղեր կան ցփված:


    9... ԿՈՉ  ԹԱՆԿԱ

    Պատառ կլլելիս քաղցածին հիշիր,
    Ջիպդ տշշելիս սելվորին հարգիր,
    Թոռանդ գրկած հեքիաթ պատմելիս`
    Անհայր ու անմայր մի մանկան հիշիր:


    10... ՀԱՄՐ   ԹԱՆԿԱ

    Հուժկու ալիքով ավազին հայտնված,
    Շնչահեղձ լինող նեոնի վտառ…
    Դուք անհամար եք, իսկ ես մենակ.
    Մեկին փրկում եմ, տասին տրորում…
    Շնչահեղձ լինող նեոններ համր,
    Նայում են խելառ պտույտիս անզոր…

    11... ՀՈւՅՍԻ   ԹԱՆԿԱ

    Ձկնորսների մեջ են մեր պատանի,
    Արքաները հույսի…
    Սրանք քարի տակ որդը փնտրելիս,
    Քարն այդ նույն դիրքով`
    Յուր տեղն են դնում…


    12... ՉԱՐ  ու  ԲԱՐԻ  ԹԱՆԿԱ

    Հովվի ձեռքերում ճիպոտը ղեկ է,
    Մոլորված հոտը սրբազան հոգս է,
    Գառան մայունը զավակի լաց է…
    Սաստել, պատժելը դաժանություն է,
    Մինչ խեղճի միսը խոհանոց հասնի,
    Դմակ պոկելը գելի կոչում է…

    13... ԿԻՍԱՏ  ԹԱՆԿԱ

    Նույնիսկ երազն ենք կիսատ անրջել,
    Յոթի փոխարեն լոկ մեկը ծնել…
    Դու մեղավոր չես,
    Ինձ էլ մի դատիր,
    Նույնիսկ տիեզերքն արարած Տերը,
    Երկնքին կապող սանդուղք չի դրել…


    14... ՍԱՌՑԵ   ԹԱՆԿԱ

    Ամառվա տապին քարերը շիկնել,
    Բույսերը թոշնել, օրն է երկարել,
    Ստվերդ կարճացել, շնչիս է նստել,
    Տապին համբուրվել նզովք է դարձել.
    Այսբերգի նման - սիրտս է պաղել…

    15... ՔԱՂՑՐ   ԹԱՆԿԱ

    Կինս տնքալով նստեց շունչ քաշի,
    Իսկ ես, անխիղճս, բահը բարձրացրի.
    - Սուրճը քիչ հետո…
    Հիմա եկ գնանք մեր այգու խորքը,
    Էն դույլը վերցրու, սիրտս կարոտ է,
    Աղ արած, քաղցր գետնախնձորի…

    16... ԲԱՐԻ   ԹԱՆԿԱ

    Բանջար քաղելիս, նույնիսկ շտապելիս,
    Արմատն անվնաս թող մնա հողում,
    Բզեզ տեսնելիս թող ոտք օլորվի,
    Բայց նրա կյանքը քեզնով չավարտվի,
    Թող ծակ կտուրդ անձրևին կաթա,
    Քանի դեռ այնտեղ… աղավնու բույն կա:

    17... ԱՆԿԱՊ   ԹԱՆԿԱ

    Պղնձե թասը խարույկի վրա,
    Իր գործը արել, սևով էր պատվել…
    Օճառի հոտը փակ տեղ մնացել,
    Ճամպրուկիս էր կպել…
    Մեղվի խայթոցից կոպս էր ուռել…

    18... ԿԱՄ` ԿԱՄ… ԹԱՆԿԱ

    Կամ սովորել է պետք շուտափույթ թռչել,
    Կամ կկոխկրտեմ վերջին մրջյունին…
    Չէ´, ավելի լավ է`
    Խելագարվեմ…

    19... ԱՆՀԱՄԲԵՐ   ԹԱՆԿԱ

    Դեռ ոչ մի կացին այնքան չի բանել,
    Որ պոչը մաշի…
    Պոչն անհամբեր է,
    Պաշտում է ձայնը կոտրվող փայտի:

    20... ԱՇՈւՆ   ԹԱՆԿԱ

    Արևն էի սիրում, սակայն առավել`
    Ցածրիկ մասրենու շվաքը պաշտում,
    Անձրևի համար խելքս էր գնում,
    Բայց հովանոցը թևատակիս էր…

    Տերևաթափ է մասրենին եղել,
    Եվ հովանոցս է անհույս կոտրվել…

    21... ՓՈւՇ   ԹԱՆԿԱ

    Դեռ կհասցնես ինձանից խորշել,
    Սուր-սուր փշերս, բութ ու փչացած,
    Բուռդ կթափվեն, երբ ինձ կարոտես:
    Հիմա փաղաքշիր, փշիս համընթաց,
    Ինքս եմ փշե զրահից հոգնած…

    22... ԹԵ… ԹԵ…  ԹԱՆԿԱ

    Թե կարծր սրտով պիտի ապրեինք,
    Անկուշտ բորենի, լեշակեր ծնվեինք,
    Թե պարիսպներն էինք գերադասելու,
    Հորիզոնները անխաթար թողնեինք,
    Տուֆե շերտերում, ընդերքում մնաինք:


    23... ԽԱԲԿԱՆՔ  ԹԱՆԿԱ

    Շականակագույն հասուն կաշտաններ,
    Փայլուն մեջքներով գեղեցկուհիներ…
    Օ՜, համտեսելն անգամ, դառը փորձություն,
    Այնպես, որ նույնիսկ խոզն ամենակեր,
    Սովամահ կեղնի, բայց չի´ ճաշակի…

     24... ԹՈԹԱՓՈւՄ  ԹԱՆԿԱ

    Գիշերն անխռով քնելու համար`
    Պետք է մոռանամ այս լուսաբացը:
    Մյուս օրը կրկին ապրելու համար`
    Գլխիցս հանել, թոթափել է պետք,
    Անցյայում տեսած մայրամուտները:

    25... ՔԱՐ   ԹԱՆԿԱ

    Ո՜վ, ապառաժյա մորթապաշտություն…
    Նույնիսկ քարի մեջ սարսուռ կա տոկուն,
    Հողմահարվելով կակղել-մաշվելու,
    Մի բուռ հողի մեջ ծաղիկ կրելու`
    Անժամանակյա մղում կա թաքուն…

    26... ՃՆՃՂՈւԿ   ԹԱՆԿԱ

    Մի շնորհակալագի՜ր գոնե թողնեիք,
    Ճնճղուկներ ժլատ.
    Արևածաղկիս դափերը ճաղատ,
    Գոնե սերմացու՜…
    Թողնեիք յոթ-ութ հատ:

    27... ԴՈՂ   ԹԱՆԿԱ

    Անփույթ դեն նետված, ճաքած պոչով բահ,
    Բրդուջը ձեռքին, կոշտացած բռունցք,
    Քրտինքից փայլող, պարանոց ոսկի,
    Սրսուռը սրտում, սերմացու մի բուռ,
    Բացված ակոսներ, դողերոցքով լի,
    Տրվելու պատրաստ - մի գրկաչափ հող…

    28... ԿՍՄԻԹ   ԹԱՆԿԱ

    Առանց խճճված մի մազ ճանկելու,
    Թեկուզ մի կսմիթ, ցավ պատճառելու,
    Ոչխարի բրդից փուշն էլ չի պոկվի…
    Այդպես մազ առ մազ, կսմիթ առ կսմիթ,
    Բռնաբարվում է… անմահությունը:

    29... ՂՈւՇ   թանկա

    Անհուն երկնքում քորոցներ դարձած,
    Բազեին անհաս իմ աղունիկներ…
    Ամեն վերադարձ ձեր թևերն արնոտ,
    Կապում, սաստում եմ, որ ապաքինվեք,
    Հակառակ դեպքում`ինքնասպաններ եք:

    30...  ԱՆԹՐԱՇ   թանկա

    Երբ տևական ես մեկին կարոտում,
    Ակամայից իդեալ ես սարքում…

    Բայց որքա՜ն շուտ ես հիասթափվում,
    Երբ հանդիպելիս հին հարցն ես լսում.
    -Ժամանակ չունեի՞ր սափրվելու,
    Կամ գոնե մեկ հատ ծաղիկ գնելու…

    31... ՄՈւԿ   թանկա

    Խորդանոցումս մի մուկ էր ապրում,
    Տեսնելիս արդեն չէր պատսպարվում,
    Ինձ չէր խանգարում,
    Զրուցակիցս չէր էլ բազմանում…
    Ես դեռ ապրում եմ, իսկ նա… էլ չկա:

    32... ԳՈՀԱՑՈւՄ   թանկա

    Ինձ տրված կյանքի արջաբաժինը,
    Զոհաբերել եմ հանուն այս պահի.
    Ուժերս հատած, ես դյուրաբեկ եմ,
    Դու ինձ գդալով կերակրող սուրբ ես:

    33... ՀՈւՇ   թանկա

    Ջահելների մրցույթ էր,
    Ծանր ու մեծ գլաքար էր…
    Հաղթողիս մեջքը ճողվածք վաստակեց,
    Անբաժան ցավը ուղեկից սարքեց,
    Լոկ քաղցր հուշը ինձ պարգև թողեց…

    34... ԴԱԺԱՆ   թանկա

    Ծառի տակ բռնել, կապկին հոշոտել,
    Կուշտ տարածվել էր ընձառյուծը…

    Հանկարծ`նորածին ձագը կապիկի,
    Ծառից սայթաքեց մեջքին գիշատչի,
    Ու փակ աչքերով գգվանք որոնեց…

    35... ՄԵՂՔԻ   թանկա

    Ձվից դուրս եկած արծվի ճտերը,
    Ընդօրինակում են Կայենի մեղքը,
    Նրանց թվում է նեղ է երկինքը,
    Երկուսին քիչ է կերակրող մայրը.
    Մեկմեկու ուսով այնքան են հրում,
    Մինչև… Աբելը անդունդն է վիժում:

    36... ԱՆԿՈւՄ   թանկա

    Երազանքների դռները բացվել էին,
    Ոտքերս գետնից կտրվել էին,
    Անկումի սարսափն անտեսել էի,
    Թևերս բացել, սավառնում էի,
    Մինչև խրախճանքն անգղերի… 

    37... ԹԻԹԵՌ   թանկա

    Թեթև, հասարակ, անշուք մի թիթեռ,
    Պոկվելով թռավ իմ թարթիչներից…
    Միտքս, աչքերս նրան կյանք տվին:
    Հիմա, խույս տալով իմ հայացքներից,
    Թիթեռի միտքն է կյանք տալիս ծաղկին:

    38... ԼՈՂ   թանկա

    Շատ բան յուրացրի, լող տալուց բացի,
    Ողջ կյանքս խախուդ լաստին անցկացրի,
    Ծովը խեղդվելու տարերք կարծեցի…
    Ծույլս ամեն օր, թոռանս մի մատ,
    Ուղեկցելու է լողի դասերի…

    39... ՉՈւ   թանկա

    Աղջամուղջի մեջ հավկուրից փախուստ,
    Երկնքում կռինչ, սև ամպեր կույտ-կույտ,
    Աղբանոցներում պատառն անավարտ,
    Ագռավի չու է, դեպի քուն… կաղնուտ…

    40... ԱՍՖԱԼՏ   թանկա

    Գալիքն անդադրում փոշի է դիզում,
    Ասֆալտապատելով իղձերս անգին,
    Կաթվածից ճեղքված սրտերում միայն,
    Ծլարձակվելով – կյանքն է թրթռում…


    41... ՏԱՐԱՓ   թանկա

    Ցնծացե՛ք ցամաք շուրթեր հողեղեն,
    Տարափով հղի ամպերն են գոռում…
    Փչակներ մտեք, թիթեռ ու մժղունք,
    Տարերքը բորբոք, մեկին ապրեցնում,
    Մյուսին… կաթիլն է անգամ մեռցնում։

    42... ՊԱՐՊՈւՄ   թանկա

    Անպիտան ու թաց վառոդ ենք բթած,
    Պարպումը խեղդած շեղ պարկուճի մեջ,
    Որ լոկ ֆսսում ենք ձգան քաշելիս…
    Հարվածի համար, մնում է միայն,
    Պարկուճից բռնած… դառնալ խզակոթ։

    Leave a Reply