«Ներքին ձայնդ» շարքից


    Հայելու առջև


       Սափրվում ես: Աջ այտդ սափրեցիր, պրծար… Ակամա ուզում ես շարունակել, հասնել ծնոտիդ… Այնուհետև կսափրես ադամա-խընձորիդ շուրջն ու հետո նոր ձախ այտդ…
       Բայց ներքին ձայնդ դեռևս աջ այտիդ վրա բռնացնում է ձեռքդ.
       - Հո´պ, - ասում է նա, - ծնոտդ թող մնա … Հիմա զուգահեռաբար սափրիր ձախ այտդ… Եվ այդպես շարունակ, զուգահեռականու-թյան սկզբունքը չմոռանալով:
       - Ինչու՞… - մտքումդ հարցնում ես նրան:
       - Որ, եթե հանկարծ երկնաքար դիպչի ձեր մոլորակին ու մազա-պուրծ եղածներովդ ստիպված լինեք ապրել քարանձավներում, ապա անհամաչափ սափրած դեմքիդ նայող փրկվածները  չխնդան երեսիդ նայելուց…


    Քնելուց առաջ


       Շոգ է…  Չէ, հուլիսյան հեղձուկ, անտանելի տոթ է…
       Քնելու ցանկությունը վերջապես ճիպտելով ուղղորդում է դեպի անկողնու կողմ: Մարդ ուզում է լրիվ մերկ, առանց սավանով ծածկվելու փռվել ու այդպես էլ լուսացնել…
       - Հո´պ, - մտքումդ զրնգում է ներքին ձայնդ:
       - Ի՞նչ կա, - հարցնում ես…
       - Բա մոռացե՞լ ես, վերջերս սիրտդ լավ չի աշխատում, ի՞նչ կմտածեն մարդիկ, երբ հանկարծ առավոտյան քեզ մեռած գտնեն, ամբողջովին մերկ… Ամո´թ է:
       Առավոտյան, շոգից խելքահան եղած, ոտքերով մի կողմ ես հրում սավանն ու մտածում. «Իզուր լսեցի ներքին ձայնիս»:

    Վիրահատարանում

       Վիրահատող բժիշկը վերջին կարը դրեց ու հերթական կյանք փրկելուց հետո`ճերմակ անձեռոցիկով ճակատի քրտինքը սրբեց:
       «Լա´վ է, - մտածեց նա, - վիրահատության բարեհաջող ընթացքը մազից էր կախված... Հիմա`կապրի՜»:
       - Հո´պ, - ներքին ձայնն է:
       - Ի՞նչ կա, - մտքում արձագանքեց բժիշկը:
       - Հապա սրա պարանոցին դաջված օձերին, կարիճներին ու ղառի նշանին նայիր...
       - Նայեցի´, տեսա´, հետո՞:
       - Վստա՞հ ես, որ լավ բան արեցիր նրա կյանքը փրկելով...
       - Վստա´հ եմ:

    Բնագիտության դասին

       Ուսոցչուհու գլխավորությամբ`աշակերտները մրջնանոցի եռու-զեռին են հետևում... Երեխաները ծարավ ականջներով կլանում են հնչող իմաստուն մեկնաբանությունները բնության, տիեզերքի, չար ու բարու մասին...
       Օրվա վերջում միահամուռ ջանքերով փշոտ թփերի մեջ խճճված, մի թևով գերևարված սև ցին են ազատագրում ու հրճվում նրա ճախրանքով...
       - Երեխաներ, հայկական բնաշխարհին հատուկ այս սև ցինը ի տարբերություն կարմիր ցինի` նստակյաց է, չի չվում... Այն կարմիր գրքում է... Բարեբախտություն էր, որ փրկեցինք նրա կյանքը:
       - Հո´պ, - ուսուցչուհու ներքին ձայնն է...
       - Ի՞նչ կա, - մտքում զարմացած հարցնում է ուսուցչուհին:
       - Քիչ հետո կտեսնես, - հնչում է պատասխանը:
       Այդ պահին երեխաներից մեկը մի փամփլիկ դաշտամուկ մատ-նացույց արեց, բացականչելով.
       - Տեսե´ք, տեսե´ք... Ի՜նչ լավն է...
       Դեռ խոսքը չէր ավարտել, երբ իրենց փրկած ցին թևերը ծալած սուրաց ներքև ու այդ դաշտամկանը ճանկելով`օդ բարձրացավ:
                                     
    Հանուն զույգ ոտքի

    (Հատված` վաղ անցյալում, բռնի ուժով ոտքից զրկված ջութակահար Մորեխիկի ու ջահել լրագրող Բոռի միջև կայացած զրույցից…)

    -Ինչպե՞ս պատահեց, որ զրկվեցիք ոտքից:
    -Որպես կենդանի դիդակտիկ նյութ, ինձ բռնեցին ու տարան բնա-գիտության դասի…
    -Հետո՞:
    -Դասից հետո աշակերտներից մեկը բերանս չոփ մտցրեց ու ոտքս պոկեց…
    -Թռնեիր… Փախնեիր…
    -Աջում` ծծմբաթթվով լի կոլբան էր, ձախում` ազոտականով… Չորս կողմս հռհռացող աշակերտներ էին, կլխճեին…
    -Փաստորեն` ջութակից… Ներեցեք, ուզում էի ասել ոտքից… ոտքից զրկվելուց ի վեր` հեռացել եք երաժշտությունից, ստեղծագործ ու հախուռն կյանքից:
    -Այո´, երաժշտությունից հեռացել եմ, բայց` երբեմն բանաստեղ-ծություններ եմ գրում…
    -Հապա՞, հապա՞…
    -Ահա, քիչ առաջ երկնեցի, կոչվում է` Հանուն Զույգ Ոտքի.

    «Կու´ժ, քեզ չեմ ասում,
    Որ կուլան լսի,
    Սուր սայրը խոհիս,
    Իմ սիրտն եմ ուղղում,
    Օրս մաշելով մի ոտքի վրա,
    Եկա այս մտքին.
    Թող որ ինձ լխճեին,
    Կյանքս թող խլեին,
    Բայց արժե´ր մեռնել,
    Հանուն զույգ ոտքի»:



    Ապրիլ   24 - ին

       Հենց այնպես ուզում ես գոռալ.  «-Սիրում, պաշտում եմ քեզ ու քո տեսակը հայ ժողովուրդ»…
       Բայց` ներքին ձայնդ.
       «- Հո´պ, հանկարծ չգոռաս, լրջմիտ տոնով ասողներ կլինեն, թե էս անլու՞րջն ո՜վ է»…
       Ու լռում, խեղդում ես գոռալուդ ցանկություը, այդ պահին երազե-լով  մի հեռավոր, բարձր ու մեկուսի լեռան մասին:



    Սեղմ մտքեր…

    Եթե ձախողված նախարարին դագաղի արտադրամաս վստահվի, երկրում մահացողների թիվը կտրուկ կնվազի:

    Փոր ու փո՞ղ, թե կող ու ող - ա՜յս է խնդիրը…

    Երբ միտքը շատ, շատ խորն է լինում, մարգարիտները հատակում են մնում :

    Եթե միայն լույսը լիներ, տեսնող աչքը կկոցվելով կուրությանը կնախանձեր:                                

    Երբ սիրում ես, գովերգակ ես... Կորցնելուց հետո` փիլիսոփա ես:

    Քաղցածի առջև փշոտ ձուկ չեն դնի:

    Հացթուխի շարած աթարե բուրգը, եգիպտականից վեհ և իմաստուն է:

    Միտքդ հղկել ես, ձգանը սեղմիր,
    Հակառակ դեպքում լռություն պահիր:

    Եղունգն ի՜նչ է, որ եղունգ չունենանք...
    Քորելու կարոտ գլու՜խն է հատել:

    Պարտքերի մեջ թաղվածները զուրկ են մեռնելու իրավունքից:

    Մարդ կա շաղախ է, մարդ կա`սնացու…

    Այն, ինչ չի տեսնում աչքը հավկուրի,
    Զգում է թիկունքը… զույգ աչքով կույրի:

    Երբ պարզությունը ապրելակերպ է, հանճարեղությունը սեթևեթանք չի հանդուրժում:


    Դժբախտությունն ու Երջանկությունը ուղիղ համեմատականներն են համեմատվող օբյեկտների…

    Համոզված բարությունը, որպես հաստատուն ապրելակերպ, չարիքից պաշտպանող զրահ է, նույնիսկ ծովահենների միջավայրում:

    Ապառաժ կա վրան գայթում են, ապառաժ կա վրան սուփրա են փռում…

    Հավանաբար`տիեզերական Մեծ պայթյունը հետևանք է եղել նույն բանի, ինչ տեղի է ունենում հիվանդությունը բարձիթողի մատնած մարդու լյարդում կամ երիկամներում…

    Գրողը «վամպիր» է, որ սնվում է ընթերցողների արձագանքով։


    Ի՜նչ փույթ, թանկագին իղձերը թող իրականանան քեզանից հետո։

    Ինքնահավան գրողը հաջորդ կյանքում ծնվում է մինչև թուղթ ու թանաքի գյուտը…

    Ամենածանրը հավերժության մեջ հիշողությունից զուրկ թևածելն է։

    Եթե մենությունը գոռոզ սրտի դատաստանը չէ, ապա ընտրության հանգրվանն է։

    Leave a Reply